Արամի 23 հասցեի պատմական շենքի պատի փլուզումից հետո, երբ մշակույթի նախկին նախարար, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե իրենց կառավարությունն այդտեղ անելիք չուներ, քանի որ «վատ ժառանգություն էին ստացել», մտածեցի՝ քաղաքականության մեջ նոր-նոր թրծվող գործիչը ժամանակի հետ գուցե զգուշանա հայտարարություններ անելիս ու, մեղավորներ փնտրելու փոխարեն, իրապես աշխատանքի լծվի: Երկար ժամանակ չանցած` մեղավորներ փնտրելու պրակտիկայի մեկ այլ դրսևորման ականատեսը եղանք օրերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետների ինքնապարգևատրման դեպքերը մեկնաբանելիս, ոչ միայն չհանդիմանեց վերջիններիս, այլև մեղադրեց նախկին իշխանություններին: Նրան վրդովեցրել էր փաստը, որ նախորդ գումարման՝ պարգևավճարներ ստացած պատգամավորներն այժմ հանդգնել են քննադատել մարզպետներին: «Զավեշտալի է հետևել, թե ինչպես են որոշ պատգամավորներ քննադատում, թե մարզպետներն ու նրանց աշխատողները պարգևավճարներ են ստացել, այն դեպքում, երբ իրենք էլ ամեն տարի դրանից օգտվել են ու շարունակել են օգտվել նույնիսկ այն ժամանակ, երբ ԱԺ-ն արդեն լուծարված էր։ Այո, լուծարված ԱԺ պատգամավորները 13-րդ աշխատավարձ են ստացել»,- հերթական «լայվի» ժամանակ հայտարարել էր նա:
Այնպիսի տպավորություն է, թե երկրի վարչապետն իրավիճակին փաստացի գնահատական տալու ունակությունը մի կողմ է դրել ու հեղափոխական խանդավառությամբ է առաջնորդվում: Հասարակությունը խոսում է առկա արատավոր խնդիրներից, իսկ նա դրանց քննարկումը տեղափոխում է անցյալ: Բայց ի՞նչ կապ ունեն 6-րդ գումարման պատգամավորները ներկայիս խնդիրների հետ: Եթե ընդունենք անգամ, որ նախորդ իշխանությունը ծայրեծայր վատն էր, ստոր էր, դա չի նշանակում, թե Փաշինյանի թիմում բոլորը սուրբ ու ամենագետ են: Մի պահ կարելի է կանգ առնել ու վերջապես դուրս գալ դեպի փակուղի տանող համեմատության սահմանափակ շրջանակից:
Նորը կառուցելու ու ստեղծելու համար հինը մոռանալ ու թշնամական գաղափարը մի կողմ դնել է պետք: Հասկանալի է, որ տարիներ շարունակ կառավարության այսօրվա ղեկավարն ու երեկվա ընդդիմադիրը պայքարել է նախորդ իշխանությունների դեմ, բայց նախորդները պարտվել են, ու այժմ նորերի կառուցելու ժամանակն է: Ընդդիմություն եղած ժամանակ նոր կառավարիչները, քարը քարի վրա չթողնելով, քննադատում էին պետական ապարատի ուռճացվածության, անհարկի պարգևավճարներ ստանալու, ծառայողական մեքենաներ ունենալու հանագամանքը, իսկ այժմ, փաստացի, առանց աչք թարթելու վայելում են իշխանության գայթակղիչ բարիքները, որոնցից օգտվելու մեխանիզմները, ըստ նորեկների, նախկիններն էին զարգացրել:
Պաշտոնաթող եղած իշխանավորների նկատմամբ թշնամանքով լցվելու ու բոլոր սխալների համար նրանց մեղադրելու փորձերը ոչինչ չեն տալու մինչ այժմ ՀՀԿ-ով ապրող ու դրա չերևացող ստվերի դեմ պայքարող Փաշինյանին և նրա թիմակիցներին:
Դա ընդամենը հոգեբանական բարդույթ է, ինչից Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է ձերբազատվի ու նույն խորհուրդը տա իր բյուրոկրատ չինովնիկներին։ Նման բարդույթով քաղգործիչները տառապում էին նաև հետխորհրդային տարիներին, երբ ակամա պայքարում էին ԿԳԲ-ի դեմ, չհասկանալով, որ դրա ժամանակն անցել է արդեն: Իրապես աշխատելու ու երկիր կառուցելու համար անցյալի վրա շեշտադրում անելուց հրաժարվել ու ապագային նայել է պետք:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ